Հաստատվել է Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծական տնտեսությունների կայուն արտադրական գործունեության ապահովման նպատակով պետական աջակցության տրամադրման միջոցառումը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։
Որոշման ընդունման արդյունքում օգոստոս ամսվա համար հատկացվել է 450 միլիոն դրամ։ Գումարը հաշվարկվել է 2025 թվականի դրությամբ ձկան կերի ձեռքբերման միջին ծավալի հիման վրա։ Աջակցություն կստանա 135 տնտեսվարող։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Կառավարության պատրաստակամությունը՝ տնտեսվարողներին աջակցել որքան ասես, սակայն կտրականապես դեմ արտահայտվեց այնպիսի աջակցությանը, որը բոլոր ոլորտներում զարգացման չի հանգեցնում։ «Շատ լավ է, որ աջակցում ենք ձկնաբույծներին, բայց ես հարցեր ունեմ։ Ինչի՞ է տարեկան հարկային եկամուտը 2.5-3 միլիարդ դրամ։ Ինչի՞, այս հարցին պետք է պատասխան ստանանք», — նշել է նա՝ չբացառելով, որ ոլորտում առկա է ահռելի ստվեր, որի դեմ անհրաժեշտ է պայքարել։
Նրա խոսքով՝ եթե նժարի մյուս կողմում դնենք արտեզյան ավազանի տեսքով անգին ռեսուրսը, ապա կարող ենք սարսափելի պատկեր ստանալ։ «Կպարզվի, որ մենք ինքներս մեզ ենք մաշում։ Պետք է հասկանալ, թե որքան ջուր ենք վատնում և որքան ձուկ ենք արտադրում», — ընդգծել է Փաշինյանը՝ կոչ անելով լուծել երկրում սննդի որակի հարցերը։
Նա պատմել է, որ վաղուց արհեստականորեն աճեցված ձուկ չի ուտում, որովհետև, նրա խոսքով, ակնհայտ է՝ դրա հետ ինչ-որ բան այն չէ։ «Լինում է այնպես, որ ձկանը ձեռք ես տալիս ու տեսնում, թե ինչպես է միջից յուղը ծորում», — ընդգծել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ եթե հայկական կոնյակի և բրենդիի արտադրողները ցանկանում են դուրս գալ միջազգային շուկա, ապա այդ ըմպելիքը պետք է արտադրվի կաղնե տակառներում։
«Հայաստանում դա մասամբ է արվում, բայց հիմնականում արտադրվում է մետաղական տարաներում, որոնց մեջ տեղադրված են կաղնե տախտակներ։ Էլ չեմ խոսում արտադրանքի որակի մասին՝ որքանով է այն համապատասխանում որակի չափանիշներին։ Ընդ որում՝ պետք չէ ընդհանրացնել. կան արտադրողներ, որոնք հետևում են չափանիշներին, և կան այնպիսիները, որոնք չեն հետևում», — եզրափակել է կառավարության ղեկավարը։











