Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը քննարկել են Իրանի նկատմամբ գործողությունների երեք հնարավոր սցենարները։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի հետ փոխզիջումային գործարքի, շրջափակման ու տնտեսական ճնշման շարունակման կամ էլ լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսման սցենարները։ Ինչպես նշել են աղբյուրները, բանակցությունների ընթացքում Նեթանյահուն Թրամփին ներկայացրել է մի շարք այլընտրանքային տարբերակներ, որոնց բովանդակությունը չի բացահայտվում։ Ընդ որում, Իսրայելի վարչապետն ամերիկացի նախագահին հասկացրել է, որ հրեական պետությունը Վաշինգտոնից վերջնական որոշման է սպասում։ Իսրայելական աղբյուրներից մեկը նշել է, որ Իրանի հետ ընթացիկ հակամարտությունում Թրամփը հանդես է գալիս որպես «ավագ գործընկեր», մինչդեռ Նեթանյահուն ստանձնել է «կրտսեր գործընկերոջ» դերը։
Ամերիկա-իրանական հակամարտության հերթական էսկալացիան սկսվել է հուլիսի 8-ին։ ԱՄՆ զինված ուժերը Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ մի քանի շարք հարվածներ են հասցրել Իսլամական Հանրապետության տարածքին՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակման։ Նույն օրը Թրամփը հայտարարել է Իրանի հետ զինադադարի կասեցման մասին։ Պատասխան գործողությունների շրջանակում Թեհրանը սկսել է հարվածել Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Օմանի տարածքում տեղակայված ամերիկյան օբյեկտներին։





























