Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել է, որ իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդիմադիր «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ։
Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Դրմեյանի գույքը պետք է ստուգվի։ «Մենք այս շենքից դուրս ենք բերել «տրոյական ձիուն»։ Հիմա ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին և հաղորդում եմ ներկայացնում՝ թող քննեն այդ «տրոյական ձիու» գործունեությունը։ Ես պատասխան եմ պահանջում պետական ինստիտուտներից», - ասել է Կառավարության ղեկավարը։
Վարչապետի խոսքով՝ Դրմեյանը հրապարակել է նյութեր, որոնք հակասում են Կառավարության դիրքորոշմանը։ Նրա կարծիքով՝ դրան պետք է իրավական գնահատական տրվի։ «Իսկ հետո նա գնաց ու հայտնվեց «եռագլուխ հրեշի» պոչում։ Սա պատահականությո՞ւն է», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։











