Հայաստանում իշխող «ՔՊ» կուսակցությունը ոչինչ չի որոշում, այնտեղ վաղուց ամեն ինչ որոշում է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, որը որոշակիորեն երկրում կառավարման ավտորիտար համակարգ է հաստատել և հստակ գնում է դեպի կառավարման տոտալիտար համակարգ, իսկ նման պայմաններում թիմ չի կարող լինել։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Նրա գնահատմամբ՝ ներկուսակցական բոլոր ընտրությունները ձևական բնույթ են կրում՝ սկսած 2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններից։
«Արտահերթ ընտրություններում խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների անունները ևս կանխորոշված էին։ Երբ ես ժամանակին առաջադրեցի թեկնածությունս Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հանկարծ այնտեղ հայտնվեց մի մարդ, որը ոչ մի օր չի դասավանդել դպրոցում կամ բուհում։ Արդյունքում հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սիսակ Գաբրիելյանը՝ որպես Փաշինյանի աներձագի՝ Հրաչյա Հակոբյանի մտերիմ ընկեր։ Բոլոր ցուցումներն այն մասին, թե ով և որտեղ պետք է լինի, հստակ տրվում էին վերևից»,- նշել է Ասլանյանը։
Նա հայտնել է, որ 6 տարվա ընթացքում մյուս բոլոր պատգամավորներից ավելի քիչ է գնացել գործուղումների։ Այդ ընթացքում նա միայն մեկնել է Վրաստան և ևս մեկ անգամ՝ Ղազախստան ու այդ ծախսերի համար ստացել է 140 հազար դրամ։
«Ընդ որում, իշխող թիմում կան մարդիկ, որոնք 100 հազար եվրոյով շրջագայել են Եվրոպայով և ԱՄՆ-ով»,- հավաստիացրել է նա։
Նրա գնահատմամբ՝ քաղաքական աճ չի գրանցել նաև Փաշինյանը՝ ինքնին խոստովանելով, որ իշխանությունները 7 տարվա ընթացքում մնացել են նույն դասարանում։
«Հասարակությունը չի ընտրում, նրան միայն խաբում են՝ հաշվի առնելով, որ հայերը դեռևս պետականակենտրոն ազգ չեն դարձել։ Փաշինյանը մեզ կտրում է մեր անցյալից։ Ես և Հովիկ Աղազարյանը դրամատիկ իրադարձությունների ժամանակ, ներռյալ՝ Լեռնային Ղարաբաղում, դրա մասին խոսել ենք թիմի ներսում։ Մենք բազմիցս հայտնել ենք մեր անհամաձայնությունը»,- ընդգծել է պատգամավորը։
Նա նշել է, որ Բեռլինից վերադառնալուց հետո Փաշինյանը «հարձակվել» է իր վրա և սկսել է մեղադրել իրեն, որովհետև Ալիևն ասել է նրան․ «Դու խոսում ես «Խաղաղության խաչմերուկի» մասին, իսկ քո պատգամավորն ասում է, որ թող Ալիևը մի երկու տարի սպասի, որպեսզի մենք մեր մեջքն ուղղենք և նրան իր տեղը ցույց տանք»։
«Երբ Փաշինյանը հարցրեց՝ ինչու եմ ես նման բան հայտարարել, ես պատասխանեցի, որ դա ճիշտ միտք է՝ պարզաբանելով, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Ալիևը մեզ վրա մատ թափ չտա։ Նա կոչ արեց նման բան չասել։ Դրանից հետո «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մոտեցան և ինձ հայտարարեցին, որ ես երեք ամիս ոչ մի տեղ ելույթ չունենամ»,- եզրափակել է նա։











