Մայիսի 12-ին Դամասկոսում Հանուն փոփոխությունների եւ ազատագրման ժողովրդական ճակատի արտակարգ նիստում   պահանջել են անվավեր ճանաչել մայիսի 7-ի  խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ նոր ընտրություններ անցկացնել ընտրական նոր օրենքի հիման վրա:

Ճակատի առաջնորդներից Քադրի Ջամիլի խոսքով` անցկացված քվեարկությունը ցույց է տալիս, որ գործող ընտրական օրենքի շրջանակում անհնար է ժողովրդի կամքն արտահայտող ընտրություններ անցկացնել:

Սիրիայում ընտրությունների պաշտոնական արդյունքներն առ այսօր չեն հրապարակվել, թեեւ սովորաբար դա արվում է հաջորդ օրը: Պատճառն, ըստ Ջամիլի, ձայների վերահաշվարկն է, ինչը վկայում է լուրջ խնդիրների առկայության մասին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճակատի ղեկավարությունը հույս ուներ, որ ընտրությունները երկրում քաղաքական գործընթացի սկիզբ կդառնան, բայց դրանք հին չափորոշիչներով անցկացվեցին, եւ ընտրությունների արդյունքներն էլ ավելի են խորացնում երկրում առկա ճգնաժամը, կարծում է Ջամիլը:

Մայիսի  7-ի խորհրդարանական ընտրությունները  գրեթե կաս դար անց կրկին անցկացվեցին բազմակուսակցական հիմքով: Իշխող Բաաս կուսակցությունից եւ նրա դաշնակից Ազգային առաջադիմական ճակատից բացի մասնակցել են յոթ նոր կուսակցություններ:

 Հանուն փոփոխությունների եւ ազատագրման ժողովրդական ճակատից մասնակցում էին 46 թեկնածուներ: Ակնկալվում է, որ նրանցից վեցը կանցնեն խորհրդարան, որում 250 տեղ կա: Միաժամանակ Ճակատի ղեկավարությունը չի բացառում, որ նրա ներկայացուցիչները կարող են դուրս գալ Ժողովրդական խորհրդի կազմից: