Սերբիայի ընդդիմությունը չի ճանաչում մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները եւ ողջ երկրում սկսում է բողոքի ակցիաներ: Այդ մասին հաղորդել է ընդդիմադիր Սերբական առաջադիմական կուսակցության առաջնորդ Տոմիսլավ Նիկոլիչը, հաղորդում են սերբական լրատվամիջոցները:

Ուշագրավ է, որ հենց այս կուսակցությունն է խորհրդարանական ընտրություններում ստացել ամենաշատ ձայները, իսկ նրա առաջնորդը գործող նախագահ Բորիս Տադիչի հետ դուրս է եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ խորհրդարանում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած դեմոկրատներն ու սոցիալիստները համաձայնել են կառավարող կոալիցիա ստեղծել, իսկ Նիկոլիչի կուսակցությունը մնացել է որպես ընդդիմություն:

Նիկոլիչը մայիսի 12 –ին լրագրողներին հայտնել է, որ իրենք բազմաթիվ ապացույցներ ունեն այն մասին, որ ընտրություններն անօրինական են եղել: Կուսակցությունը ոստիկանությանը քվեաթերթիկներով լի պարկ է հանձնել, որոնք, ըստ նրանց, ընտրությունների արդյունքների կեղծման ապացույց կարող են լինել: