«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանն իր տանը կատարված խուզարկությունը պայմանավորել է քաղաքական հետապնդումներով։

Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ խուզարկությունն իրականացվում է ինչ-որ քննչական գործի շրջանակում, ուստի տվյալների հրապարակման սահմանափակումներ կան, սակայն կարող է հայտնել, որ իրավապահները ոչինչ չեն առգրավել։

«Ակնհայտ է, որ մարդկանց արգելում են քաղաքականությամբ զբաղվել։ Ողջ խնդիրը հենց սա է։ Այսինքն՝ ոչ ոք չի կարող քաղաքական գործունեություն ծավալել, բացի նրա (Փաշինյանի) նշած արբանյակներից։ Սա անընդունելի է։ Նա սխալ ճանապարհով է տանում երկիրը, և հասարակության մեծ մասը համամիտ չէ նրա այս դիրքորոշման հետ։ Նա շարունակում է սրել իրավիճակը․ երեկվա հայտարարություններն էլ հենց դրա մասին են։ Ճիշտ նույն կերպ նա խոսում էր Ադրբեջանի հետ, իսկ հիմա խոսում է Ադրբեջանից 120 անգամ մեծ երկրի հետ։ Ադրբեջանի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները նա հասցրեց բացահայտ բախման։ Թող գնա ու բանակցի։ Այս ամենն արվում է մեր հաշվին։ Նրանք, ովքեր հիմա ծափահարում են իրեն, 2020 թվականի պատերազմից առաջ էլ էին ծափահարում․ արդյունքը բոլորս գիտենք։ Չի կարելի աշխարհի հետ էմոցիաներով խոսել», - ընդգծել է Կարապետյանը։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը դեմ է Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսության դիվերսիֆիկացմանը, քաղաքական գործիչը կրկնել է, որ իշխանությունները պետք է բանակցեն ու ելքեր փնտրեն, այլ ոչ թե իրավիճակը հերթական անգամ հասցնեն փակուղու։

«Մենք անկախ երկիր ենք, պետք է կարողանանք թե՛ հեռավորություն պահպանել, թե՛ գործը բախման չհասցնել։ Երեկ ինքը (Փաշինյանը) ինչ-որ բան էր խոսում բարեգործության մասին։ Հիմա ի՞նչ, մենք բարեգործությամբ չզբաղվե՞նք։ Մարդ բռնենք, որ իրեն դուր գա՞նք», - վրդովվել է Կարապետյանը՝ Փաշինյանին առաջարկելով զբաղվել իր «Հայկական ժամանակ» թերթով։

Հարցին, թե արդյո՞ք նոր պատերազմ է կանխատեսում, Կարապետյանը բացասական պատասխան է տվել՝ պարզաբանելով, որ խոսքը տնտեսական էքսպանսիայի ու ազդեցության խորացման մասին է․ «Բոլորին էլ հայտնի է, թե ինչպես են հարևանները փորձում ազդել, ինչպես են թուրքերն ու ադրբեջանցիները տնտեսապես ճնշում հարևան երկրներին։ Չեն բացառվում նման կարգի սպառնալիքները․ խաղաղության քողի տակ նրանք կփորձեն տնտեսական ու ժողովրդագրական ներկայություն ապահովել՝ իրենց ազդեցությունը հաստատելու համար»։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ նա ընդգծել է, որ արտաքին առևտրի 65%-ը բաժին է ընկնում հենց ՌԴ-ին․ «Հրաշալի է, որ հայկական ծիրանը վաճառվում է Ֆրանսիայում, բայց մի՞թե դա հերիքում է մեր գյուղացուն»։

Ինչ վերաբերում է ձկնաբուծության հասցեին վարչապետի դժգոհություններին, Կարապետյանը շեշտել է, որ հայկական ձուկը բարձրորակ է, դրա համար էլ արտահանվում է Ռուսաստան․ «Ծով չունեցող երկիր լինելով՝ կարողացել ենք ձուկ մատակարարել մի քանի ծովեր ունեցող Ռուսաստանին։ Տեղական արտադրողի կողքին կանգնելու ու գովելու փոխարեն, Փաշինյանը նրանց փնովում է»։