Ապրիլը մեզ ուրախացրեց բավականին ցածր գնաճով: Համենայն դեպս, այդ մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը:Համաձայն ԱՎԾ տվյալների` ընթացիկ տարվա ապրիլին սպառողական գների ինդեքսը կազմել է ընդամենը 101,9%:
Ընդ որում` սննդամթերքի առումով գրանցվել է իդեալական ցուցանիշ` ընդամենը 1,1% աճ: Սակայն ցածր գնաճը կապված է բազային գների բարձր մակարդակի հետ: Անցած տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների աճը կազմել էր 8,9%: Տնտեսագետներն այն կարծիքին են, որ շուկայական տնտեսության պայմաններում գնաճի շատ ցածր մակարդակը, իսկ առավել եւս` դեֆլյացիան, խոչընդոտում են տենտեսության զարգացմանը, եւ վկայում բնակչության գնողունակության մեջ բացասական միտումների մասին: Այնպես որ, առանձնահատուկ ուրախանել պետք չէ սպառողական գների ինդեքսի ցածր մակարդակով:Կա նաեւ մի ուշագրավ հանգամանք. չնայած սպառողական գների ընդհանուր ինդեքսի ցածր մակարդակին` մի շարք կարեւոր ապրանքների եւ ծառայությունների գները, այդուամենայնիվ, նկատելի բարձրացել են:
Մասնավորապես` հացի միջին մանրածախ գինը ընթացիկ տարվա ապրիլին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5,9 դրամով կամ 1,3%-ով` հասնելով կլիոգրամի դիմաց 465,5 դրամի:Մսամթերքի ապրանքախմբում գնաճն ավելի բարձր է. մասնավորապես` տավարի մսի մանրածախ միջին գինն աճել է 233,8 դրամով կամ 9,9%-ով եւ հասել կիլոգրամի դիմաց 2594,2 դրամի: Սա գրեթե «եվրոպական» գին է: Համեմատության համար նշենք, որ ամսական միջին անվանական աշխատավարձը ընթացիկ տարվա մարտին մի փոքր գերազանցել է 116 հազար դրամը: Աշխատավարձի ապրիլյան ցուցանիշը դեռեւս չի հրապարակվել, սակայն, հաշվի առնելով ժամանակակից միտումները եւ դրա դինամիկան, հազիվ թե դրա աճի տեմպը գերազանցի տավարի մսի աճի ինդեքսը: Իսկ դա նշանակում է, որ «միայն աշխատավարձով» ապրող ընտանիքների համար այդ ապարանքը ձեռք բերելու հնարավորությունն ավելի է նվազել:Մի շարք հիմնական սննդամթերքի գնաճն էլ հասնում է երկնիշ թվի:
Այդ դեպքում ինչպե՞ս է տվյալ ապրանքախմբում ինդեքսն այդքան ցածր: Կարելի է ենթադրել, որ դրա վրա ազդել է հացի ցուցանիշը, պանրի շուկայում, ինչպես նաեւ բանջարեղենի որոշ տեսակների գնանկումը: Իսկ այս մթերքներն ամենաշատ սպառվողներից են:Ընդհանուր առմամբ սննդամթերքի գների փոփոխությունը կարելի է համարել ոչ բարենպաստ: Նկատելիորեն աճել են մսի եւ մսամթերքի գները: Կարելի է ենթադրել, որ այս գործոնն ազդել է անապահով բնակաչության ընտանեկան բյուջեների վրա: Եթե նրանք պահպանեն այդ ապրանքատեսակների օգտագործման մակարդակը, ապա ստիպված կլինեն տնտեսել այլ ապրանքների, ինչպես նաեւ ծառայությունների վրա:Ալբերտ Խաչատրյան




























