Ոչ մի իրական խաղաղություն էլ չկա։ Հայաստանին պարտադրվել է այսպես կոչված «խաղաղության օրակարգը», որը մեզանից բացարձակապես կախված չէ։ NEWS.am-ի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը։
«Թշնամի երկրների ղեկավարները մեզ թելադրում են, թե ինչ անենք, ընդ որում՝ ցանկացած հարցում։ Էլ չեմ խոսում մեր ներքին գործերին միջամտելու մասին։ Նրանք բացահայտ սպառնում են հայ ժողովրդին… Ո՞ւմ է պետք նման «խաղաղությունը»։ Սա ընդհանրապես խաղաղությո՞ւն է։ Ո՛չ, սա պատերազմի նոր տեսակ է», — նշել է Քերոբյանը։
Փորձագետը քննադատորեն է տրամադրված նաև անվտանգության և ռազմարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակի նկատմամբ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, բավարար քայլեր չի ձեռնարկում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման և բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ։
«Խոսում են արկերի և հրետանային սպառազինության արտադրության մասին։ Բայց արդյո՞ք լցրել են պահեստները։ Արդյո՞ք կառուցել ենք այնպիսի պահեստներ, որ Սյունիքի մարզի հնարավոր շրջափակման դեպքում հատուկ բանակային կորպուսը կարողանա լիարժեք կիրառել այդ սպառազինությունը։ Ո՛չ, չեն արել։ Ես գիտեմ, որ չեն արել, որովհետև դա պարզապես տեսանելի չէ», — ընդգծել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավարը։











