NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մայիսի 12-ին, երեկոյան  ժամը 20.30-ի սահմաններում Լոռիի մարզի Ագարակ -Լոռիբերդ ճանապարհին ավտովթարից զոհվածներից մեկը՝ Դավիթ Գասպարյանը Զորի Բալայանի փեսան է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 12-ին, երեկոյան  ժամը 20.30-ի սահմաններում Լոռիի մարզի Ագարակ-Լոռիբերդ ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար (ֆոտոռեպորտաժ): Դեպքի վայրից NEWS.am-ի թղթակիցը հայտնել էր, որ «Հյունդայի»  մակնիշի 93 NV 999 համարանիշով ավտոմեքենան նախնական վարկածով ճանապարհի թաց լինելու պատճառով կորցրել է կառավարումը, թռել 3 մետր բարձրությամբ ծառի վրայով եւ գլխիվայր շրջվել:

Մեքենայում եղած հինգ ուղեւորներից երեքը մահացել են, երկու վիրավորները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Հայտնի են զոհերի եւ վիրավորների անունները: Ըստ այդմ, Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Արա Ադամյանը (Երեւան) եւ 34-ամյա Միքայել Ադամյանը (Երեւան):  Զոհվել են Դավիթ Գասպարյանը (Երեւան), Արթուր Ալավերդյանը (Երեւան) եւ Դավիթ Փիրումյանը (Տավուշի մարզի Աչաջուր գյուղ): Դեռևս պարզ չէ, թե ով է եղել մեքենայի ղեկին:

Բժիշկները երկու վիրավորների վիճակը գնահատում են ծանր: