Իսպանիայի իշխանությունները հայտնել են, որ Մարոկկոյի հետ սահմանին գտնվող իսպանական Սեուտա անկլավում վերջին տարիների խոշորագույն միգրացիոն ճգնաժամի հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի, փոխանցում է Associated Press-ը։
Զոհվածների թվում են իսպանական տարածք հասնելու փորձի ժամանակ խեղդվածները և ալեհատի մոտ առաջացած հրմշտոցի հետևանքով զոհվածները։
Սահմանի զանգվածային ճեղքումից հետո, երբ հինգշաբթիից ուրբաթ ընկած ժամանակահատվածում Սեուտա էր թափանցել շուրջ 60 հազար միգրանտ, իսպանական իշխանությունները սկսել են 500-մետրանոց ցանկապատ տեղադրել դեպի ծով գնացող ալեհատի երկայնքով։ Իշխանությունների մտահղացմամբ՝ այն պետք է կանխի ջրային ճանապարհով սահմանը հատելու նոր փորձերը։
Իսպանիայի ՆԳՆ տվյալներով՝ միգրանտների մեծ մասն արդեն վերադարձել է Մարոկկո։ Շաբաթ առավոտյան մի քանի հոգի լողալով հասել են քաղաքային Տարախալ լողափ, սակայն զինծառայողները ձերբակալել են նրանց և ուղեկցել սահմանից այն կողմ։
Սեուտայի կառավարության ղեկավար Հուան Խեսուս Վիվասը հայտարարել է, որ միգրանտների վերադարձի գործընթացը հաջող է ընթանում, սակայն քաղաքը դեռևս ուշքի չի եկել տեղի ունեցածից։
Չնայած սրան՝ միգրանտների մի մասը հրաժարվել է լքել իսպանական անկլավը։ Նրանցից մեկը՝ Մարոկկոյի 23-ամյա քաղաքացի Մոհամեդ Խատրին, նշել է, որ իշխանությունները փակել են խանութները, որպեսզի իրենց զրկեն սնունդ գնելու հնարավորությունից և ստիպեն վերադառնալ, սակայն ինքը մտադիր է մնալ Սեուտայում՝ «նույնիսկ եթե ստիպված լինի սոված մնալ»։




























