Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց 10 օր առաջ հացադուլ հայտարարած նախկին ԱԺՄ-ական եւ ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ Արտավազդ Վարդանյանը դադարեցրեց հացադուլը:

Ինչպես ԿԸՀ շենքի դիմացից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, նա այդ մասին հայտարարեց այդտեղ հավաքված մի խումբ ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ: Ակտիվիստները նշեցին, որ իրենք ավելի վաղ դիմել էին Արտավազդ Վարդանյանին, որպեսզի նա չվտանգի իր առողջությունը, քանի որ նա իրենց հարկավոր է որպես պայքարի ընկեր:

Այս պահին Ա. Վարդանյանն ակտիվիստների խմբի հետ միասին գնում է Մաշտոցի պուրակ՝ այնտեղ միջոցառման մասնակցելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 3-ին ԿԸՀ դիմաց հացադուլ է հայտարարել նախկին ԱԺՄ-ական եւ ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ Արտավազդ Վարդանյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշել էր, որ նման որոշում է կայացրել ընդդեմ ընտրությունների արդյունքների կեղծիքների: «Ընդ որում, այդ կեղծիքների սկիզբը դրվել է 1990-ական թվականներին»,-ասել էր նա, իր հացադուլը համարելով սթափության կոչ՝ ուղղված բոլորին:

Մայիսի 9-ին, ժամը 15.15-ի սահմաններում Արտավազդ Վարդանյանի համար վրան էր տեղադրվել, սակայն  20-30 րոպե հետո Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը եկել եւ անձամբ հանել է տեղադրված վրանը, ինչպես նաեւ վերցրել էր հովանոցը:

Իսկ արդեն մայիսի 10-ի գիշերը անհայտ անձինք հարձակվել էին նրա վրա, կոտրել հովանոցը, խլել ծածկոցները եւ առեւանգել նրան: «Արտավազդ Վարդանյանին մտցրել են մեքենա եւ տարել Մուսալեռ գյուղ, որտեղ իրենց դիմավորել է գյուղապետը, որը, ըստ ամենայնի, տեղյակ էր կատարվելիքի մասին: Նրանից պահանջել են չվերադառնալ հացադուլի վայր»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել էր լրագրող, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը:

Արտավազդ Վարդանյանը, սակայն, կարողացել է իր ուժերով վերադառնալ ԿԸՀ-ի մոտ եւ շարունակել հացադուլը: