Իսպանիայի իրավապահ ուժերը մայիսի 13-ին Մադրիդի կենտրոնական Պուերտա դել Սոլ հրապարակից հեռացրել են Indignados («Ընդվզողներ») շարժման վրանային ճամբարը:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ակցիայի մասնակիցներին ցրելու ժամանակ 18 մարդ է ձերբակալվել:

Նրանք փորձել են ընդդիմանալ իրավապահներին, որոնք կատարել են քաղաքային իշխանությունների հրահանգը: Մադրիդի իշխանություններն ավելի վաղ թույլ էին տվել հանրահավք անցկացնել մինչեւ շաբաթ, ժամը 22.00-ն, սակայն զգուշացրել էին, որ  հրապարակում ճամբար խփելու դեպքում նրանց նկատմամբ ուժ կկիրառվի:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Իսպանիայի բազմաթիվ քաղաքներում անցած գիշեր բողոքի բազմամարդ ակցիաներ են անցկացվել` նվիրված Indignados շարժման ստեղծման տարեդարձին:Հիմնական պահանջը, որը ներկայացնում է բողոքի ելած երիտասարդությունը, աշխատատեղերի ստեղծումն է, կոռուպցիայի դեմ պայքարը եւ ճգնաժամի հաղթահարումը: Առավել խոշոր հանրահավաքներ են ացնկացվել Մադրիդում եւ Բարսելոնում:Իսպանիայում հուզումները չեն դադարում դեռեւս ձմռանից, երբ փետրվարի 17-ին կառավարությունը հավանության արժանացրեց օրինագիծը, ըստ որի աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում փոխհատուցում չի վճարվում: