Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես ասում են, անվերջ կարելի է նայել երեք բանի՝ հոսող ջրին, վառվող կրակին և նրան, թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օրնիբուն փորձում բոլորին ապացուցել, թե ինքը դեմոկրատական է և երբեք ընտրություններ չի կեղծել։ Այս մասին օգոստոսի 3-ին նորընտիր Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Երեկ բանը հասավ նրան, որ ՔՊ-ական պատգամավորը ասում է՝ «ով ընտրություն է կեղծել՝ շան տղա է»։ Ժողովուրդ ջան, սուս մնացե՛ք, սուս մնացե՛ք, դուք օրը ցերեկով 60 000 քաղաքացու ձայն գողացել եք, օրը ցերեկով եք գողացել։ Դուք մանդատագողեր եք, փորձեք առերեսվել այդ իրականության հետ։ Դուք ժողովրդավարության հետ այլևս կապ չունեք։ Դուք ժողովրդավարության հետ այնքան կապ ունեք, որքան ընդդիմության վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի հետ», — ասաց Խամոյանը։

Պատգամավորը նշել է, որ «մանդատագողությունից» զատ, իշխանությունները նաև մարդկանց զրկում են սեփականությունից։

«Այդ մարդը (խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի մասին է - խմբ.) Արարատ անունով ինչ ունի՝ հիմա վերցնում են», — հայտարարել է Խամոյանը՝ հիշեցնելով «Արարատ» գինու-կոնյակի գործարանի և «Արարատցեմենտ» ձեռնարկության մասին։

Մեկնաբանելով խորհրդարանի խոսնակի թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ելույթն ու նրա հիշատակումն այն մասին, որ իր 18-ամյակը ստիպված է եղել դիմավորել առանց հոր, ով 2008 թվականի մարտի 1-ի գործով երկու ամսով կալանավորվել էր, ընդդիմադիր գործիչը հայտարարել է.

«Դադարե՛ք այդ օրինակը բերել, որովհետև դուք հավակնում եք Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնին և ներկայացնում եք մի իշխանություն, որի օրոք և մեղքով բազմաթիվ տղաներ այդպես էլ հավերժ մնացին տասնութ տարեկան»։