Հունաստանի նախագահ Կառոլոս Պապուլյասին նորից չի հաջողվել համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման հարցում:

Ձախ դեմոկրատների առաջնորդ Ֆոթիս Քուվելիսը հայտարարել է, որ  տվյալ պահին հնարավոր չէ ստեղծել համակուսակցական կառավարություն: Ըստ նրա` ձախ դեմոկրատներն ամեն ինչ արեցին այնպիսի որոշում գտնելու համար, որը կարտացոլեր հուշագրի պարտավորություններից (ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հետ` խիստ տնտեսության միջոցների վերաբերյալ` փոխարեն վարկերի) դուրս գալու  քաղաքացիների ցանկությունը եւ միաժամանակ վարել քաղաքականություն, որը կապահովեր Հունաստանի տեղի պահպանումը եվրագոտում:

Աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ նա «բոլոր հնարավոր միջոցներն էր ձեռնարկել կառավարության ձեւավորման համար, սակայն Ծայրահեղական ձախ ուժերի կոալիցիան (ՍԻՐԻԶԱ)  չի համաձայնում»:

Իր հերթին ՍԻՐԻԶԱ-ի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը  կրկին հայտարարել է, որ չի համաձայնի «հուշագիր իրականացնող կառավարության (ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հետ)»` «ձախ ուժերի ալիբիի առկայության դեպքում», հաղորդում է  «vesti.ru»-ն:

  Հունաստանի նախագահի մամւլի ծառայությունը դեռեւս ոչ մի կերպ չի մեկնաբանել բանակցությունների արդյունքները: Սակայն տեղական հեռուստատեսությունը, հղում անելով Նախագահական պալատի աղբյուրին, հայտնել է, որ պետության ղեկավարի ջանքերն այսօր կշարունակվեն:

Եթե Հունաստանի նախագահի` կուսակցությունների առաջնորդներին ազգային միասնության կառավարություն ձեւավորելու համոզելու փորձերն այդպես էլ հաջողությամբ չպսակվեն, ապա 30 օրվա ընթացքում պետք է կայանան նոր խորհրդարանական ընտրություններ: Նրանց անցկացման նախնական ամսաթիվն արդեն հայտնվում է` հունիսի 10-ը կամ 17-ը: