Դաղստանում մայիսի 12-ին գրոհային բախման հետեւանքով սպանվել է տեղական հանցախմբի առաջնորդ, Թուրքիայի քաղաքացի, գրոհայինների շրջանում հայտնի շեյխ Աբդուսալամը:

Ըստ Ռուսաստանի Հակահաբեկչական ազգային հանձնաժողովի (ՀԱՀ) տվյալների` սերգոկալինսկյան հանցախումբը ղեկավարող շեյխ Աբդուսալամը ոչնչացվել էր օպերատիվ հետախուզական եւ որոնողական միջոցառումների շնորհիվ, որոնք վարում էին ՌուսաստանիԱԴԾ-ն եւ ՆԳՆ-ն: Հատուկ նշանակության ջոկատի մարտիկները փորձել են շրջափակել Կիչի Գամրիից 3 կմ հեռավորության վրա գտնվող անտառում հայտնաբերած տղամարդուն, սակայն նա նրանց վրա կրակ էր բացել Կալաշնիկով ինքնաձիգից: Մահացու վիրավորվել էր   ԱԴԾ-ի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցը: Պատասխան կրակով գրոհայինը ոչնչացվել էր: Շուտով ի դեմս նրա ճանաչվել էր սերգոկալինսկյան հանցախմբի ղեկավար Թուրքիայի քաղաքացի շեյխ Աբդուլան, որը կրում էր նաեւ մահմեդական Աբդուսալամ մականունը, հայտնում է «Կոմերսանտը»:

Շեյխ Աբդուսալամը 2006 թվականից գործում էր  դաղստանյան գլխավոր գրոհային Մահոմեդալի Վաքաբովի առաջնորդության ներքո, իսկ նախորդ տարի հասել էր մինչեւ ամիրայի աստիճանի: Նրա ջոկատը հարկատու էր դարձրել  Սերգոկալինսկի եւ Լեւաշինսկի շրջանների, ինչպես նաեւ  Իզբերբաշ քաղաքի ձեռնարկատերերին: Բոլոր նրանք, ովքեր հրաժարվում էին վճարել, դառնում  էին հարձակումների զոհ: