Ազգային ժողովի օգոստոսի 3-ի նիստում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դիմել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանին՝ հարցնելով «Հայփոստ» ընկերության գործունեության մասին։
Կոնջորյանի թեկնածության քննարկման ընթացքում Կարապետյանը հետաքրքրվել է, թե պետական կառավարման անցնելուց ի վեր «Հայփոստն» ինչ շահութաբաժիններ է վճարել պետությանը։
Ի պատասխան՝ Կոնջորյանը հայտարարել է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենն իր կինն է, այլ ոչ թե ինքը, ընդգծելով, որ անձամբ չի մասնակցում ընկերության օպերատիվ գործունեությանը։
«Ես լիազորված չեմ պատասխանել այդ հարցին։ Այսօրվա քննարկումները վերաբերում են իմ թեկնածությանը»,- նշել է Կոնջորյանը։
Իր հերթին Կարապետյանն արձագանքել է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեությունն արտացոլում է գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությունը։
«Պետական կառավարմանն անցնելուց հետո «Հայփոստը» Հայաստանի Հանրապետությանը վճարել է զրո դրամի շահութաբաժին։ Ընդ որում, ընկերությունը Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանից վերցնելուց հետո բազմաթիվ ոլորտների սակագները թանկացել են։ Հիմնական հարցը հետևյալն է․ դուք ընկերությունները վերցնում եք մասնավոր կառավարիչներից կամ սեփականատերերից, ինքներդ եք սկսում ղեկավարել դրանք, բարձրացնում եք սակագները, իսկ պետությունը փոխարենը ստանում է 0 դրամի շահութաբաժին։ Ահա սա է ձեր տնտեսական քաղաքականության դեմքը»,- պարզաբանել է Կարապետյանը։











