Քեռին լավ ա, քեռին միշտ էլ լավ ա եղել։ 90-ական թվականներից սկսած՝ նա մեր մարզում հաջողակ բիզնեսմեն է եղել և այդպիսին է մնում մինչ օրս։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ ԱԺ փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ, օգոստոսի 4-ին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը՝ արձագանքելով գործող իշխանության շարքերում հովանավորչության վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։
«Եվ մեր մարզի բոլոր բնակիչները գիտեն, որ քեռուս բարեկեցությունը որևէ կերպ կապված չի եղել նրա հետ, թե Գարիկ Սարգսյանը որևէ պաշտոն զբաղեցրել է, թե՝ ոչ։ Եվ այսուհետ ևս դա կախված չի լինելու նրանից, թե Գարիկ Սարգսյանը երբևէ որևէ պետական պաշտոն կզբաղեցնի, թե՝ ոչ»,- ասել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդի համայնքի համայնքապետարանը 280 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել «Նոյավան» ընկերության հետ։ Պայմանագրի համաձայն՝ նախատեսվում էր խմելու ջրի ջրագծեր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերում։
«Նոյավան» ընկերության 100% սեփականատերը Գրիգոր Մանուկյանն է։ Վերջինս ներկայիս պատգամավոր, իսկ նախկինում Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի քեռին է։
Սարգսյանը, մասնավորապես, հավաստիացրել է, որ մրցույթներում իր քեռու մասնակցության մեջ շահերի որևէ բախում չկա։
«Հակառակ դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարձագանքեր մամուլի հրապարակումներին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն համապատասխան գործողություններ կձեռնարկեր»,- ենթադրել է պատգամավորը։
Նա նաև նշել է, որ տվյալ ընկերության մասնակցության շնորհիվ Վեդի համայնքն ու Հայաստանի Հանրապետությունը տնտեսել են շուրջ 103 միլիոն դրամ։











