Օգոստոսի 4-ի գիշերը ռուս զինվորականները ղեկավարվող ավիաբոմբերով հարված են հասցրել Սումիին․ հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։ «Հարվածներ են արձանագրվել Կովպակովի շրջանի երեք վայրում։ Թիրախում են հայտնվել մասնավոր հատվածն ու ենթակառուցվածքային օբյեկտները»,- հայտնել է Գրիգորովը Telegram-ում։ Ավելի ուշ նա հստակեցրել է, որ հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ՝ տարեց կին և 5 ու 10 տարեկան երկու աղջիկ։ Երեխաների մարմինները դուրս են բերվել մասնավոր տան փլատակների տակից։ Եվս չորս մարդ դիմել է բժշկական օգնության։
Գրիգորովի տվյալներով՝ Սումիի ուղղությամբ արձակվել է ութ ղեկավարվող ավիառումբ։ Դրանցից չորսը հարվածել են քաղաքացիական ենթակառուցվածքներին, իսկ երկուսը քաղաքին մոտենալիս հաջողվել է խոցել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներով։ Միևնույն ժամանակ տեղական «Кордон.Медиа» պարբերականը հայտնել է, որ ավիառումբերի հարվածից անմիջապես հետո Սումին ենթարկվել է ռուսական օպտիկամանրաթելային անօդաչուների հարձակմանը։ ԱԹՍ-ների ընկնելու վայրերում հրդեհներ են բռնկվել։ Երկու օր առաջ՝ օգոստոսի 2-ի առավոտյան, ռուս զինվորականները դարձյալ վեց ավիառումբ են արձակել քաղաքի ուղղությամբ՝ վնասելով ոչ բնակելի տարածքներն ու Կովպակովի շրջանի տրանսպորտային միջոցները։ Այն ժամանակ հաջողվել էր խուսափել տուժածներից։
Հուլիսի 31-ին ռուսական բանակը չորս ավիառումբով հարվածել է քաղաքի Զարեչնի շրջանի արդյունաբերական օբյեկտներին, իսկ հուլիսի 28-ի գիշերը դրանցով թիրախավորել Սումիի բնակելի հատվածը։ Արդյունքում վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Մինչ այդ ռուսական ավիացիան ավիառումբերով պարբերաբար հարվածներ է հասցրել Ռուսաստանի հետ սահմանամերձ ուկրաինական քաղաքներին, մասնավորապես՝ Խարկովին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավիառումբերով հարվածները համեմատել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի գորգային ռմբակոծությունների հետ և դրանք մեծ խնդիր անվանել։ Միևնույն ժամանակ, ուկրաինական ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգերի պատճառով ռուսական ավիառումբերն սկսել են ավելի հազվադեպ դիպչել թիրախներին, ինչը խոստովանել են նաև Z-բլոգերները։





























