«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը օգոստոսի 4-ին Ազգային ժողովի նիստում, փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, առաջարկել է ԱԺ-ում քննարկումներ և խորհրդարանական լսումներ անցկացնել՝ նվիրված պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեությանը։

«Պարոն Կոնջորյան, ամենայն հարգանքով, ես չեմ ուզում այստեղ քննարկել, թե Ձեր կինը որքան աշխատավարձ է ստանում, կարող ենք ստեղծել խորհրդարանական հարթակ և նաև այդ հարցերը քննարկել։ Հիշատակում էիք, որ տարիներ առաջ այստեղ ՀԷՑ-ի գծով լսումներ են կազմակերպվել և անցկացվել։ Մամուլը, մեր մյուս գործընկերները հարցեր են բարձրացնում, ասում են՝ «Հայփոստ»-ում այսպիսի վիճակ է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տենդերների հետ կապված այսպիսի վիճակ է, Ամուլսարում բարձր աշխատավարձով կառավարության ներկայացուցիչ կա։ Եկեք քննարկենք», - ասել է Աբրահամյանը՝ մասնավորապես դիմելով Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին։

Որպես բիզնես ոլորտում ներգրավված անձ՝ նա նաև առաջարկել է այդ գործընթացում ներգրավել աուդիտորական կազմակերպությունների և լսել համապատասխան ընկերությունների կառավարման խորհուրդների ներկայացուցիչներին։

«Թող իրականացնեն ոչ միայն ֆինանսական, այլև տեխնիկական աուդիտ, ինչպես տարիներ առաջ արդեն արել են ՀԷՑ-ում։ Եկեք ստուգենք տենդերները», - կոչ է արել ընդդիմադիր պատգամավորը։