Ոստիկանության ծառայողները, մայիսի 13-ին, ժամը 19.15-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 31-ամյա Տիգրան Նասոյանին, ով այս տարվա փետրվարի 27-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով:
Տիգրան Նասոյանը կալանավորված է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրանից մեկ օր առաջ, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել 25-ամյա Հայկ Խաչատրյանին, ով մայիսի 12-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Հ. Խաչատրյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Մայիսի 12-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության ծառայողները Վրաստանից ՀՀ են տեղափոխել 35-ամյա Արմեն Գասպարյանին, ով հունվարի 7-ից ոստիկանության Մարտունիի բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ խուլիգանության մեղադրանքով:
Արմեն Գասպարյանը կալանավորված է:




























