«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե իրեն կզրկեն բարեգործական գործունեություն ծավալելու հնարավորությունից։
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ ինքը բարեգործությամբ էր զբաղվում այն ժամանակ, երբ Փաշինյանը դեռ «ծնված չէր» (նկատի ունենալով ասպարեզում հայտնվելը)։ «Զբաղվել եմ, զբաղվում եմ ու դեռ զբաղվելու եմ, որովհետև դա անում եմ Հայաստանի, մեր ժողովրդի ու ողջ հայության համար։ Ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկությունից»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը։ Նա հավելել է, որ օրվա իշխանությունն ունակ չէ ճիշտ կառավարել յուրացված գույքը և «քարը քարին չի թողնի»՝ նշելով նաև, որ այս իշխանության օրոք ոչ մի դրսի ներդրող Հայաստանում որևէ ներդրում չի կատարել։
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտը համախմբելու իր խոստումներին՝ Կարապետյանը հայտնել է, որ ամեն շաբաթ հանդիպումներ են անցկացվում հիմնական ուժերի ներկայացուցիչների հետ։ Քաղաքական գործիչը չցանկացավ անուններ տալ՝ միայն նշել է. «Առաջին դեմքերը կալանքի տակ են, հանդիպել ենք նրանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն»։ Կարապետյանը պարզաբանել է, որ քննարկել են պայքարի ուղին՝ հավելելով, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել, սակայն «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ եղել են։ Նա չի համաձայնել այն կարծիքի հետ, թե մանդատները վերցնելու պահից ի վեր պայքարը հայտնվել է փակուղում։ Կարապետյանի խոսքով՝ խորհրդարան են գնացել, որպեսզի դառնա պայքարի մի մասը։
Այն հարցին, թե արդյոք թեժ աշուն է սպասվում, քաղաքական գործիչը նշել է, որ չի ցանկանում սահմանափակվել տարվա եղանակներով։ «Ժամանակը կգա՝ կսկսենք։ Հասկանում եմ, բոլորը հոգնել են այս իշխանություններից, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով և երկիրը ցնցումների չենք տանի»,- խոստացել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունը նման է մի մեխանիզմի, որը պետք է քանդել։ «Այն քանդելը բարդ է, քանի որ ստեղծվել է ոչ բարեկամական, լուրջ երկրների կողմից։ Ստեղծել են, որպեսզի մեր երկիրը տանեն կործանման»,- հայտարարել է Կարապետյանը՝ հավելելով, որ խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ։
Վերադառնալով պայքարում իր դերին՝ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ առանց իրեն պայքարը հաջողությամբ չի պսակվի։ «Մեր ձայները գողացել են։ Սպասեք, ռեսուրս կա»,- նշել է քաղաքական գործիչը։ Նա խոստումնալից է համարում Ազգային ժողովի աշխատանքը և համոզված է, որ լուրջ պայքար է սպասվում։
«Իշխանափոխության հարցում համագործակցում ենք նրանց հետ, ովքեր ազնիվ են իրենց պայքարում, բայց կան ուժեր, որոնք իրենց դիրքավորում են որպես ընդդիմություն, սակայն փաստացի կեղծ ուժեր են»,- շարունակել է Կարապետյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության սահմանափակումներին, ապա Կարապետյանի կարծիքով՝ դրանք ձեռնտու են Փաշինյանին։ Նրա խոսքով՝ որքան վատ է բնակչության համար, այնքան ավելի հեշտ է նրանց կառավարելը։ Նա նշել է, որ Փաշինյանը կարող է ցանկացած պահի խոսել Ռուսաստանի նախագահի հետ։ «Ինչո՞ւ չի լուծում։ Թող ժողովուրդը գնահատի»,- նշել է նա՝ հավելելով, որ ինքը, լինելով վարչապետ, անպայման կլուծեր, սակայն լինելով տնային կալանքի տակ գտնվող ընդդիմադիր առաջնորդ՝ դա անել չի կարող։











