Փորձագետները շարունակոմ են քննարկել Ինդոնեզիայում Sukhoi Superjet-100-ի վթարի պատճառները: Հենց սկզբից առաջ էր քաշվել օդաչուի սխալի մասին վարկածը, սակայն որոշ մասնագետներ վստահ են, որ տեխնիկական խափանում է տեղի ունեցել:
SSJ-100-ն առաջին ռուսական ինքնաթիռն էր, որն ամբողջովին համակարգչայնացված էր: Օդաչուն այստեղ ղեկ չունի, միայն ջոյսթիկ, որի օգնութամբ նա կառավարում է շարժիչը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Թերթի աղբյուրը, որի անունը չի տրվում, վստահ է, որ SSJ-100-ի օդաչուներն ամեն ինչ ճիշտ են արել, ինքնաթիռն այն բանից հետո, երբ շրջանցել է լեռը, վայրէջք է խնդրել: Սակայն ինչ-որ պատճառով ինքնաթիռը շրջվոմ է 150 աստիճանով եւ բախվում լեռանը:

Պատճառը կարող է լինել համակարգչային խափանումը, կարծում է փորձագետը: Սակայն, ըստ նրա, այդ վարկածը հազիվ թե հնարավոր լինի ապացուցել:

Բացի զուտ տեխնիկական խնդիրներից, եղել են նաեւ կազմակերպչական կառավարման լուրջ խախտումներ, որոնք հանգեցրել են վթարի զոհերի թվի աճի: Այդ ինքնաթիռը փորձարկվող էր, այդ պատճառով էլ ոչ մի ուղեւոր չպետք է լիներ:

Պարզվել է եւս մի հետաքրքիր հանգամանք. Ինդոնեզիա պետք է թռչեր այլ Superjet: Սկզբնապես ցուցադրական թռիչքների համար նախատեսվել էր 95005 համարի մեքենան, սակայն Պակիստանում նրա հետ ինչ-որ բան էր պատահել, եւ այն հետ էր վերադարձվել:

Նրա փոխարեն Ինդոնեզիա են ուղարկել 95004 համարի ինքնաթիռը, որը նախապես փորձարկումներին չէին պատրաստել: Ընդ որում, փորձարկումների առաջատար ինժեներ են ուղարկել 95005-ի մասնագետին, քանի որ 95004-ի մասնագետն արձակուրդում է եղել: