Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մայիսի 13-ին, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի «Օրինակելի մայր» հիմնադրամի նախագահ Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ երկու երկրների դեսպանների:
Հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ներկայացրել է Շեյխայի այցելության նպատակը, նշելով, որ նա բարեգործական մեծ աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրներում` օգնություն ցուցաբերելով կարիքավոր ընտանիքներին:
Գարեգին Բ-ն, խոսելով հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր հարաբերությունների մասին, նշել է, որ դրանք մշտապես հատկանշվել են ջերմ եղբայրությամբ եւ բարեկամությամբ եւ որ դարերի ընթացքում ձեւավորված գեղեցիկ ավանդույթների արտահայտություններն այսօր տեսանելի են Քուվեյթում:
Նա ուրախություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական արդյունավետ հարաբերություններ են ձեւավորվել, որոնք գնալով ավելի սերտանում ու գործակցային են դառնում: Գարեգին Բ-ն անդրադարձել է նաեւ Քուվեյթի հայկական համայնքին, գոհունակությամբ նշելով, որ ապրելով խաղաղ ու բարօր կյանքով` հայորդիներն իրենց կարեւոր ներդրումն են բերում Քուվեյթի կյանքի առաջընթացին: Ի դեմս Շեյխա Ֆարիհայի` Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քուվեյթի Էմիրին եւ իշխանություններին` հայկական համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Նա իր մասնավոր շնորհակալությունն է հայտնել նաեւ Շեյխա Ֆարիհային նրա մարդասիրական գործունեության համար, ընդգծելով, որ իրականացվող բարեգործությունը բարձր է գնահատվում բոլոր ժողովուրդների կողմից անկախ կրոնական պատկանելությունից:
Իր խոսքում տիկին Ֆարիհան անդրադարձել է Քուվեյթում առկա կրոնական հանդուրժողականության բարձր մակարդակին, ինչպես նաեւ երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում հայության կարեւոր դերակատարությանը:




























