ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան ներկա այցի գլխավոր նպատակը Լոնդոնում Ադրբեջանի նախարարի հետ երկխոսության եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ Վարշավայում սկսված քննարկման շարունակությունն է: Քննարկումը վերաբերում է Սոչիում երեք նախարարների համատեղ հայտարարության իրագործմանը: Այդ մասին հաղորդել է ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն` մայիսի 13-ին Բաքվի օդանավակայան ժամանելով:
Նա հաղորդել է, որ մայիսի 14-ին Բաքվում կշարունակվեն երկրի պաշտոնատար անձանց հետ հանդիպումները, այնուհետեւ ղարաբաղյան կարգավորման միջնորդները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Բրադտկեն նաեւ մեկնաբանել էր շփման եզրում իրադրության սրումը, նշելով, որ միջնորդներն անհանգստացած են ստեղծված իրադրությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորային (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովին (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին ընդունել էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԱԳՆ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:




























