Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 14-ին կրկին հետաձգվել է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Դատական նիստին չէր ներկայացել Մագար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը:

Դատավոր Մխիթար Պապոյանը դատարանում հայտնել է, որ Մկտրիչ Վասակյանը վատառողջ է եւ այդ պատճառով չի ներկայացել դատաքննությանը:

Նշենք, որ ապրիլի 17-ին Վասակյանը կրկին չէր ներկայացել նույն պատճառաբանությամբ: Նա դատարանում պետք է ներկայացներ իր պաշտպանական ճառը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին ժամը`14:30-ին:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մարտի 27-ին մեղադրող Հարություն Հարությունյանն առաջարկել էր  Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին ազատազրկել 8 տարով` գույքի կեսի բռնագրավմամբ:

Դատախազը նաեւ առաջարկել էր Ստեփան Կարախանյանին դատապարտել 6 տարի ազատազրկման, Արա Լեւոնյանին` 5 տարի վեց ամիս պայմանական ազատազրկման, Սամվել Մախմուրյանին` 5 տարի ազատազրկման, սակայն առաջարկեց պատիժը պայմանական չկիրառել եւ սահմանել փորձաշրջան:

Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:

Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:

Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար)  չափով վնաս:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի