Դուք պնդում եք, թե մենք ընտրակաշառք ենք բաժանել։ Զգույշ եղեք ձեր հայտարարություններում, քանի որ ես նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ դուք մարդասպան եք։ Այս մասին Ազգային ժողովի նիստում խորհրդարանի փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ԱԺ երկրորդ փոխնախագահի թեկնածու Վահագն Ալեքսանյանին, հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
«Անշուշտ, ես նման բան չեմ ասի։ Բայց եթե իշխանական մուրճն ու մեխերը մեր ձեռքում լինեին, մի ձայնագրություն էլ մենք կսարքեինք ու կասեինք, որ դուք մարդասպան եք»,- նշել է Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը տնտեսական ոչ մի ռեսուրս չունի որևէ գործընկերոջ, առավել ևս Ռուսաստանի նման ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները փչացնելու համար, հավելելով, որ երկրի հետ ապրանքաշրջանառությունը հասնում է շուրջ 8 միլիարդ դոլարի։
«Եթե դուք այդքան ինքնիշխան եք, ապա ինչո՞ւ Հայաստանի վարչապետը Միշուստինի հետ հանդիպում նախաձեռնեց և որևէ արդյունքի չհասավ։ Հետո հեռախոսազրույց ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ, բայց դարձյալ արդյունքի չհասավ։ Նախկինում ասում էիք՝ որքան ԵԱՏՄ-ն է մեզ պետք, այնքան էլ մենք ենք պետք ԵԱՏՄ-ին։ Ստացվում է՝ այս թեզն էլ չաշխատեց»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։











