Հայաստանի գործող իշխանությունների՝ քաղաքական մշակույթ և կոռեկտություն պահպանելու կոչը առաջին հերթին վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, քանի որ ես և իմ գործընկերները նոր ենք եկել խորհրդարան։ Այս մասին Ազգային ժողովի օգոստոսի 5-ի նիստում՝ ԱԺ փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Մենք դեռ ոչ մի ծեծկռտուք կամ վեճ չենք սարքել։ Մենք կրթված ու դաստիարակված ընտանիքներում մեծացած մարդիկ ենք։ Անձամբ ես այնքան եմ տուժել, որ հազիվ թե անմիջապես այստեղ գայի սկանդալներով ու կոնֆլիկտներով զբաղվելու համար։ Ես հասկացա, որ կոռեկտության այս կոչը, ըստ ամենայնի, ձեզ է վերաբերում»,-ասել է Վանաձորի նախկին քաղաքապետը, ով ՏԻՄ ընտրություններում հաղթելուց հետո հայտնվել էր կալանքի տակ։
Նա նշել է, որ վերջին տարիներին ձեռք է բերել քաղաքական որոշակի հոտառություն և կարծում է, թե խորհրդարանական ամբիոնը պետք է քաղաքական գաղափարների փոխանակման ու ձևավորման հարթակ լինի, սակայն գործող իշխանության ութ տարվա կառավարման ընթացքում չի տեսել ո՛չ քաղաքական միտք, ո՛չ օրակարգ։
«Կա՞ գաղափար, չկա՛։ Կա՞ օրակարգ, չկա՛։ Ո՞րն է դա. որ դուրս գաք այստեղ ու մեզ մեղադրեք ընտրակաշառք բաժանելու, իսկ մյուսներին՝ 30-35 տարի երկիրը թալանելու մե՞ջ... Ես էլ եմ դրան մասնակցե՞լ։ Ես նույնիսկ մի մանկապարտեզ չունեմ, սիրելիս։ Կարծես թե միայն ես ու դու ոչինչ չունենք»,- հայտարարել է Ասլանյանը՝ դիմելով իր ելույթն ընդհատած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորին։
Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ տարածաշրջանում ծայրաստիճան լարված իրավիճակ է տիրում, սակայն Ազգային ժողովի նախագահն ընտրվելուց առաջ չի անդրադարձել ո՛չ արտաքին քաղաքականության հարցերին, ո՛չ էլ գյուղատնտեսության ոլորտում ի հայտ եկած խնդիրներին։











