Լիբանանի հյուսիսում սունիների եւ ալավիտների միջեւ կրկին բախում է տեղի ունեցել, որի հետեւանքով սպանվել է 1 մարդ, 10-ը` վիրավորվել: Լիբանանյան բանակի զինծառայողները ժամանել են Տրիպոլի, որտեղ սրվել էին հարաբերությունները երկու հոգեւոր համայնքների միջեւ: Կողմերը գործածել են ինքնաձիգներ, ականներ եւ ձեռքի հակատանկային նռնակներ:
Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրան», Լիբանանի բանակի հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ զորքերը զբաղեցրել են քաղաքի հրաձգությունից ամենաշատ տուժած թաղամասերը` քաղաքում նորմալ իրադրության վերականգնման համար:
Բախումներն սկսվել են մայիսի 12-ին, այդ օրը զոհվել է 2 մարդ, այդ թվում` լիբանանյան բանակի զինծառայող:
Բախման պատճառ է դարձել մայիսի 12-ին լիբանանյան հատուկ ծառայությունների կողմից Շադի ալ-Մավլաուի քաղաքի բնակչի ձերբակալությունը: Հայտարարվել է, որ նա ձերբակալվել է ահաբեկչական գործունեության կասկածանքով:
Ձերբակալության մասին լուրը փողոցներ է դուրս բերել հարյուրավոր սուննիների, որոնք փակել էին Տրիպոլի տանող մայրուղիներից մեկը` պահանջելով ազատ արձակել ձերբակալվածին: Մութն ընկնելուն պես ապստամբները փորձել են հարձակվել սիրիական վարչակարգի բարեկամ սոցիալիստական ազգայնական կուսակցության վրա, որը գտնվում է ալավիներով բնակեցված թաղամասում:
Դեպի Ջաբլ Մուհսան երթը, որտեղ ապրում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ալավի համախոհները, իսկական կռվի է վերածվել հարեւան պետության ղեկավարին հավատարիմ լիբանանցիների եւ նրանց հայրենակիցների միջեւ, որոնք աջակցում են սիրիական ընդդիմությանը: Քաղաքում ստեղծված իրադրության պատճառով Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն այսօր Պաշտպանության գերագույն խորհրդի արտահերթ նիստ կգումարի:




























