Հայաստանի անվտանգության սպառնալիքներն են Ադրբեջանի հետ անդառնալի ու լիովին ինստիտուցիոնալացված խաղաղության բացակայությունը, Թուրքիայի հետ փակ սահմանն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ և անվտանգային կապերի ոչ բավարար դիվերսիֆիկացումը։ Այս մասին Ազգային ժողովի օգոստոսի 5-ի նիստում՝ ԱԺ փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթը։

Վերջինս, մասնավորապես, հարց էր բարձրացրել Հայաստանին սպառնացող վտանգների աղբյուրների վերաբերյալ։ «Մեր սպառնալիքները գալիս են, առաջին հերթին Ադրբեջանից։ Ադրբեջանի հետ մենք ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը դեռ անշրջելի չէ և վերջնականապես ինստիտուցիոնալացված չէ։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ լիարժեք խաղաղության բացակայությունը միանշանակ և աներկբայորեն սպառնալիք է ՀՀ անվտանգությանը», - ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ սպառնալիք են նաև Թուրքիայի հետ փակ սահմանը և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ «Մենք սպառնալիք ունենք Թուրքիայի կողմից, որովհետև անմիջական հարևանի հետ փակ սահման ունենալն առնվազն տնտեսական սպառնալիք է, իսկ հաստատված դիվանագիտական հարաբերություններ չունենալն առնվազն դիվանագիտական սպառնալիք է», - նշել է Ռուբինյանը։

Որպես հնարավոր սպառնալիքներ նա նշել է նաև տնտեսական և անվտանգային կապերի, էներգետիկ ռեսուրսների աղբյուրների ու տարանցիկ երթուղիների ոչ բավարար դիվերսիֆիկացումը։

Ըստ Ռուբինյանի՝ իշխանության և ընդդիմության մոտեցումների տարբերությունն այն է, որ իշխանությունը ձգտում է չեզոքացնել արձանագրված սպառնալիքները և գտնել դրանց լուծման ուղիները։ «Մենք տեսնում ենք սպառնալիքը և ուզում ենք վերացնել կամ չեզոքացնել այն։ Տեսանք, որ խաղաղություն չկա, հասանք խաղաղության։ Հիմա տեսնում ենք, որ այն դեռ անշրջելի չէ և հարյուր տոկոսով ինստիտուցիոնալացված չէ, ու ուզում ենք այն անշրջելի դարձնել և ինստիտուցիոնալացնել», - հայտարարել է Ռուբինյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նա նշել է, որ հայկական կողմը բանակցությունների միջոցով փորձում է հասնել սահմանի բացմանը և երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։ «Տեսնում ենք Թուրքիայի հետ փակ սահմանը, տեսնում ենք, որ դա սպառնալիք է մեր տնտեսվարողների և ընդհանրապես Հայաստանի համար։ Բանակցում ենք, որպեսզի որևէ լուծման գանք, և այդ ընթացքում քայլ առ քայլ առաջ ենք գնում», - ընդգծել է ԱԺ նախագահը։

Ռուբեն Ռուբինյանը քննադատել է Դաշնակցության քաղաքական մոտեցումը՝ պնդելով, որ կուսակցությունը չի փորձում չեզոքացնել առկա սպառնալիքները, այլ քաղաքականապես շահարկում է դրանք։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում բոլորն էլ գիտակցում են, որ Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունները և Ադրբեջանի հետ վերջնականապես ինստիտուցիոնալացված խաղաղության բացակայությունը սպառնալիքներ են։