ՀՀԿ-ն բավականչափ ռեսուրս ունի, որպեսզի չգնա կոալիցիա կազմելու ճանապարհով: Այս մասին, այսօր` մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ անդամ, գործարար, 22-րդ ընտրատարածքում հաղթած թեկնածու Մանվել Բադեյանը, հավելելով, որ պետք է լսել նաեւ մյուսների կարծիքները:

Նրա խոսքով, ՀՀԿ խորհրդի նիստում դեռ չի քննարկվել կոալիցիա կազմելու հարցը: «Ես գտնում եմ, որ եթե ապահովել ենք բացարձակ մեծամասնություն, կոալիցիայի իմաստը չեմ տեսնում»,-ասաց Բադեյանը:

Ինչ վերաբերում է 5 տոկոսի շեմը հաղթահարած ուժերին, նա նշեց, որ շների մի ցեղատեսակ կա, որ իրենց թվում է, թե մեծ շուն են ու իրենց փորձանքի մեջ են գցում: «Բայց իրենք փոքր շուն են: Պետք է համակերպվեն, որ այդքան քվե են ստացել ու ուրիշ շանս չունեն, որքան էլ ցանկությունը մեծ լինի: Ճիշտ հաշվեք ձեր շանսերը եւ երբեք ՀՀԿ-ի հետ նույն նժարին մի դրեք»,- նկատեց Մանվել Բադեյանը:

Ասուլիսին հրավիրված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանն էլ ասաց, որ ուրախ կլինի, որ կոալիցիա չկազմվի, քանի որ կիմանան, թե հստակ ում իրենց պահանջները ներկայացնեն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի