«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Վեդիում, ինչպես նաեւ Գոռավան եւ Վանաշեն գյուղերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին: Աշխատանքները պլանավորվում է ավարտել 2012թ-ի առաջին կիսամյակին, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի եւ մոտակա գյուղերի բնակիչներին թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:
«Հեռախոսային գծերի թվայնացումը բավականին աշխատատար, ծախսատար, բայց երկրի համար միաժամանակ կարեւոր գործընթաց է եւ հանդիսանում է մեր ընկերության տեխնոլոգիական զարգացման առաջնային ուղղությունը: Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ` ամենաժամանակակից տեխնոլոգիաները հասանելի դարձնելով մեր հայաստանյան բաժանորդների համար», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 2012 թվականի մայիս ամսվա դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 2770կմ:




























