Երեւանում, մայիսի 9-ի գիշերը, ժամը 12-ի սահմաններում Երեւանի պետական համալսարանի մերձակայքում գտնվող «Քուլ» կարաոկե-ակումբի մոտ կրակոցներ արձակած երիտասարդի ինքնությունը բացահայտվել է: Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am–ի թղթակցին հայտնել են, որ ձերբակալվել է կրակոցներ արձակած անձը, ով 43-ամյա Արթուր Բարսեղյանն է:
Հարուցվել է քրեական գործ Քրօրենսգքրի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն)եւ 235-ի 1-ինմասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Ատրաճանակը ուղարկվել է փորձաքրեագիտական վարչություն, նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 9-ի գիշերը, ժամը 12-ի սահմաններում կրակոցներ են հնչել Երեւանի պետական համալսարանի մերձակայքում գտնվող «Քուլ» կարաոկե-ակումբում: Թեեւ կրակոցներից հետո դեպքի վայրում ոստիկաններ էին հայտնվել, նրանց դեռ չի հաջողվել պարզել կրակողների ինքնությունը:
NEWS.am-ի տեղեկություններով, 7-8 երիտասարդներ ակումբում վեճի են բռնվել տնօրեն Նաիրա Բաղդասարյանի հետ, ապա ծեծկռտուք է եղել: Տղաները դուրս են եկել ակումբից եւ կրակել տնօրենի մեքենայի ուղղությամբ:
Ոստիկանությունից հաստատել էին միջադեպի փաստը` նշելով, որ դեռ չի բացահայտվել կրակողների ինքնությունը:




























