Մոսկվայի դատարանն, այսօր` մայիսի 14-ին, հերթական անգամ վճռել է հանել կալանքը նախորդ տարվա հոկտեմբերին մահացած «ՅՈՒԿՈՍ»-ի գործի հետ կապված Վասիլի Ալեքսանյանի գույքի վրայից: Այդ որոշմամբ դատարանը բավարարել էր Ալեքսանյանի հարազատների միջնորդությունը:
Պաշտպանությունն արտահայտել է իր գոհունակությունն ընդունված որոշմամբ: «Քրեական գործ չկա, քաղաքացիական վեճեր չկան, դա օրենքի բացահայտ խախտում է, այդ իրավիճակն անմիջական լուծում էր պահանջում», - բացատրել է ընտանիքի փաստաբան Գեւորգ Դանգյանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
2010 թվականի հուլիսի 6-ից ուժի մեջ է մտել Մոսկվայի Սիմոնովի դատարանի որոշումը` քրեական գործի ժամկետի վաղեմության հետեւանքով Վասիլի Ալեքսանյանի նկատմամբ գործը դադարեցնելու վերաբերյալ, սակայն նրա ունեցվածքի կալանքը շարունակում էր գործել նաեւ նրա մահվանից հետո:
2011թ. դեկտեմբերի վերջին Սիմոնովի դատարանը համաձայնել էր հանել կալանքը, սակայն դատախազությունը բողոքարկել էր որոշումը: Դատախազները մատնանշել էին, որ կալանքը պետք է պահպանվի, քանի որ «ՅՈՒԿՈՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի մեռած համախոհի նկատմամբ կարող էին այլ քրեական գործեր էլ հարուցվել:
Փետրվարի վերջին Մոսկվայի քաղաքային դատարանում պաշտպանությունն ընդունել էր դատախազության այդ բողոքը` գործը նոր վերանայման ուղարկելով Սիմոնովի դատարան:
«ՅՈՒԿՈՍ»-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանը ձերբակալվել էր 2006թ. ապրիլին`դրամական միջոցներ լվանալու եւ ուրիշի գույքը հափշտակելու մեղադրանքներով: Նա կալանքի տակ էր մնացել երկուսուկես տարի, ինչից հետո ազատվել էր:
Ալեքսանյանը մահացել է Մոսկվայում, հոկտեմբերի 4-ի գիշերը, 39 տարեկան հասակում: Նա հիվանդ էր ՁԻԱՀ-ի ծանր տեսակով, իսկ բանտում ամբողջովին կորցրել էր տեսողությունը: Բանտում Ալեքսանյանը հիվանդացել էր նաեւ լյարդի քաղցկեղով եւ տուբերկուլյոզով:




























