ԱՄՆ-ից հնարամիտ գործարարը կազմակերպել է սեւամորթ պատանու տեսքով թիրախների արտադրություն եւ վաճառք: Թիրախի կերպարի նախատիպն է դարձել սեւամորթ պատանի Թրեյվոն Մարթինը, որին կրակել էր հասարակական հերթապահ Ջորջ Ցիմերմանը:
Թիրախներ կարելի է գնել զենքի հանրահայտ առցանց աճուրդում, հայտնում է «lenta.ru»-ն:
Թիրախը դեմք չունի, սակայն այն պատկերող մարդը գլխին քաշած գլխարկով հաստ վերնահագուստ է կրում, իսկ ձեռքերում կա Skittles քաղցրավենիքի տուփ եւ սառը թեյի տարա` հենց դա է եղել Մարթինի մոտ սպանության ժամանակ:
Իր հայտարարությունում ապրանքի վաճառողը մատնանշել էր, որ աջակցում է Ցիմերմանին եւ հավատում, որ նա անմեղ է, քանի որ «հանցագործի է կրակել»: Սակայն էլեկտրոնային փոստով վաճառողը լրագրողին հայտնել էր, որ իր հիմնական դրդապատճառը «փող աշխատելն է եղել»: Ըստ վաճառողի` այդ ապրանքի պահանջարկը բավականին մեծ է:
17-այա Թրեյվոն Մարթինն սպանվել էր 2012 թվականի փետրվարի 26-ի երեկոյան` Ֆլորիդայի Սենֆորդ քաղաքում: Փողոցում հերթապահող Ցիմերմանին կասկածելի են թվացել Մարթինի տեսքն ու վարքը: Հերթապահն սկսել է հետեւել Մարթինին, նրանց միջեւ կռիվ է սկսվել, որի ընթացքում հերթապահը կրակել է պատանուն:
Սկզբնապես ոստիկանությունը չի ձերբակալել Ցիմերմանին: Սակայն տեղական աֆրոամերիկյան համայնքի բողոքից եւ ստորագրահավաքներից հետո Ցիմերմանը ձերբակալվել է: Նրան մեղադրանք են ներկայացրել ոչ կանխամտածված սպանության համար եւ բաց են թողել գրավի դիմաց:




























