Հայաստանը պետք է «տնտեսական խաղաղության» հասնի իր գլխավոր գործընկերոջ հետ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ սահմանափակումների մասին հարցին։
Կարապետյանը հիշեցրել է, որ խորհրդարանում իր առաջին ելույթի ժամանակ անդրադարձել է այդ թեմային։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է դիվանագիտական ճանապարհով հարթել լարվածությունը, քանի որ «տնտեսական խաղաղությունը» ընդհանուր անվտանգության մասն է, և պետք է տնտեսական խաղաղության հասնել գլխավոր գործընկերոջ հետ։ Կարապետյանը նաև հայտնել է, որ հանձնաժողովների ձևավորումից հետո խմբակցությունը առաջարկելու է լայն քննարկումներ ծավալել այս թեմայով։
Հարցին, թե արդյոք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կկողմնորոշվի հօգուտ փոխխոսնակի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածության, Կարապետյանը նշել է, որ չի կարող խոսել այլ խմբակցության անունից։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վարդևանյանի նման բարձրակարգ իրավաբանն անասկած օգուտ կբերեր ցանկացած խորհրդարանի։ Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» մեկ այլ թեկնածու առաջադրելուն, եթե «ՔՊ»-ն դեմ քվեարկի Վարդևանյանին, ապա, ըստ Կարապետյանի, խմբակցությունը որոշումը կկայացնի կոլեգիալ եղանակով։
«Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ տեսանյութերի պատրաստմանը «Ուժեղ Հայաստանի» մասնակցության թեմային քաղաքական գործիչը չանդրադարձավ՝ նշելով, որ կուսակցությունն ավելի ուշ պարզաբանումներ կտա։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովում ուժերի հարաբերակցությանը, Կարապետյանը նշել է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո «ՔՊ»-ական պատգամավորների թիվը պակասում է, և այս միտումը պահպանվելու դեպքում խորհրդարանում հնարավոր են փոփոխություններ։
Վերադառնալով խորհրդարանի գործունեությանը՝ քաղաքական գործիչը ընդգծել է, որ դեմ է ԱԺ-ն վիրավորանքների փոխանակման հարթակի վերածելու փորձերին։ Իր խաղաղասիրական հայտարարությունների և Սամվել Կարապետյանի կոշտ դիրքորոշման միջև եղած հակասության մասին հարցին պատգամավորը կրկնել է այն միտքը, որ ԱԺ-ն կարծիքների, գաղափարների ու ծրագրերի փոխանակման վայր է, իսկ վիրավորական հայտարարություններ իրենց թույլ են տալիս ընդդիմախոսները, ընդ որում՝ դա սկսել են վաղուց՝ սոցիալական ցանցերի միջոցով։











