ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովն ու Ժակ Ֆորը, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարություն են տարածել մայիսի 11-14-ին տարածաշրջան կատարած այցից հետո:
Համանախագահների հայտարարության մեջ ասվում է, որ նրանք եղել են Երեւանում եւ Բաքվում, հանդիպել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ` քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին ջանքերը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակել են կողմերի հետ քննարկումները, թե ինչպես կատարել պարտավորությունները, որ ընդունվել են նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի կողմից Սոչիում հունվարի 23-ին արված համատեղ հռչակագրում, այդ թվում արագացնել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա` որպես համընդգրկուն խաղաղ կարգավորման հիմք, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննությունների մեխանիզմների վրա աշխատանքը, նաեւ զարգացնել մարդասիրական շփումները:
Համանախագահները մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի վերաբերյալ` կոչ անելով կողմերին զսպվածություն պահպանել եւ զերծ մնալ վրեժխնդրությունից: Համանախագահները ողջունել են կողմերի հավաստիացումները` խաղաղ կարգավորման հասնելու շուրջ:
Համանախագահները կողմերի հետ քննարկել են վստահության միջոցների զարգացումը` ռազմական եւ մարդկային շփումների ոլորտում` 1994թ. հրադադարի ռեժիմի համաձայնագրի իրացումն ամրապնդելու եւ վստահությունն ավելացնելու համար: Բացի այդ, համանախագահները քննարկել են ադրբեջանական եւ հայկական մշակութային եւ պատմական արժեքները պահպանելու եւ գնահատելու կարեւորությունը, որ պաշտպանեն տարածաշրջանի ժողովուրդների ժառանգությունը` վերջնական եւ ամուր խաղաղության հասնելու բանացությունների համատեքստում:
Համանախագահները մտադիր են շարունակել քննարկումները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ մոտ ապագայում:




























