Ադրբեջանի ոստիկանությունը դաժանորեն ցրում է Բաքվի կենտրոնում, Նիզամիի հուշարձանի մոտ եւ հարակից տարածքներում «Հասարակական պալատի» կազմակերպած բողոքի ակցիան:
Ընդդիմադիրները մտադիր էին երթ անցկացնել դեպի Բաքվի քաղաքապետարանի շենք եւ այնտեղ պիկետ անցկացնել` պահանջելով հավաքների ազատություն:
Ակցիայի մասնակիցները չէին հասցրել հավաքվել, երբ ոստիկանները հարձակվել են նրանց վրա եւ սկսել դաժանորեն ծեծել ու ձերբակալել:
Ոստիկանությունը ձերբակալել է բառացիորեն բոլորին, ով ակցիայի պոտենցիալ անդամ է եղել` ներառյալ անցորդներին:
Ձերբակալվածներին նստեցրել են ոստիկանական մեքենաները եւ տանում բաժիններ, հաղորդում է Turan-ը:
Այդուհանդերձ, ընդդիմադիրները բողոքի ակցիան շարունակել են այլ վայրերում: Բաքվի Շատրվանների հրապարակում ընդդիմադիրները փոքր հանրահավաք են անցկացրել, որտեղ հանդես է եկել Բաքվի բնակիչ Շիրինբաջի Ռզաեւը, ում սեփականության իրավունքները խախտվել են: Նա հայտարարել է, որ հեռու է քաղաքականությունից, բայց հիմա իշխանություններն իրենց բռնի գործողություններով ստիպել են իրեն զբաղվել քաղաքականությամբ, երբ ձերբակալել են իր որդուն` մեղադրելով թմրանյութեր պահելու մեջ:
Հանրահավաքից հետո ընդդիմադիրները առաջ են ընթացել Նիզամիի փողոցով` հակակառավարական կարգախոսներ վանկարկելով:
Ոստիկանները դադարեցրել են ակցիան, միաժամանակ ծեծի ենթարկելով պատահաբար իրենց ճանապարհին հայտնված աշակերտին, որի գլուխն են ջարդել:




























