Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը մայիսի 15-ին նիստ կհրավիրի, որի ընթացքում կքննարկվի Թբիլիսիում հայկական Սուրբ Նշան եկեղեցու  պատը փլվելու հարցը:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել  է Սուրբ Էջմիածնի առաջնորդարանի մամուլի քարտուղար տեր Վահրամ Մելքոնյանը` նշելով, որ  «Սուրբ Նշան» եկեղեցին այդպես էլ չի փոխանցվել Հայ առաքելական եկեղեցու  վիրահայոց թեմին:

 Ըստ նրա` Հայ առաքելական եկեղեցին անհանգստացած է Վրաստանում հայկական եկեղեցիների վիճակով, եւ, մասնավորապես,  «Սուրբ Նշան» եկեղեցու ճակատագրով, որը ողբերգական վիճակում է գտնվում, եւ դա  հարուցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զայրույթը: 

Նշենք, որ Թբիլիսիում  քանդվել էր Սերեբրյաննայա փողոցում գտնվող  «Սուրբ Նշան» հայկական եկեղեցու մի մասը: Բեկորներն ընկել էին բակում գտնվող տան վրա, եւ քանդել դրա պատը: Ըստ նախնական վարկածի`  փլուզումը Թբիլիսիում երկու օր առաջ տեղացած  հորդառատ անձրեւի հետեւանք է:  Հայկական  «Սուրբ Նշան» եկեղեցին արդեն  բավականին տուժել էր 2012 թվականի հունվարի 2-ի եւ 9-ի հրդեհներից:Այն ժամանակ Թբիլիսի էր ուղարկվել Հայաստանի մշակույթի նախարարության փորձագիտական խումբ: Վրացական իշխանությունների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել եկեղեցու վերականգնման վերաբերյալ: