Ռուսաստանը կարծում է, որ Սիրիայում վերջին պայթյունների հետեւում կանգնած են ահաբեկչական խմբավորումները, այդ թվում` «Ալ-Կաիդան»: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:
«Բացարձակ հաստատում կա, որ զինված ուժերի կազմում կան վարձկաններ Լիբիայից եւ արաբական այլ երկրներից»,- նշել է նա` հավելելով, որ դա բանակցային գործընթացի շուտափույթ սկսման հույս չի ներշնչում:
Նշենք, որ երկու ուժգին պայթյուններ մայիսի 10-ին որոտացել էին Դամասկոսի միջազգային օդանավակայանի ճանապարհին: Վերջին տվյալներով, ահաբեկչության արդյունքում զոհվել է 55 մարդ, 372-ը վիրավորվել են: Տուժածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել:
Գատիլովը հայտնել էր, թե դեռ վաղ է խոսել բախումների դադարեցման միջոցների մասին, բայց Անանն ու դիտորդները ՄԱԿ-ում զեկուցում են, թե իրավիճակը կայունացել է:



























