Օգոստոսի 7-ին Ազգային ժողովի նիստում, ընդդիմությունից խորհրդարանի փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խորհրդարան էր բերել «Մայր Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամ Արեգնազ Մանուկյանի 13-ամյա դստեր վիճակի վերաբերյալ հոգեբանի եզրակացության 105 օրինակ՝ մեկական հատ ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի համար։

Ավելի վաղ Մանուկյանի փաստաբանը հայտնել էր, որ մորից լիակատար մեկուսացման պատճառով աղջիկը հայտնվել է ծանր հոգեբանական սթրեսի վիճակում, որն ուղեկցվում է հոգեսոմատիկ դրսևորումներով։

Վարդանյանը մտադիր է եզրակացությունները փոխանցել Ազգային ժողովի քարտուղարություն։ Նա հույս ունի, որ պատգամավորները կմիջամտեն Մանուկյանի խափանման միջոցը փոխելու հարցում, որպեսզի նա հնարավորություն ստանա տեսակցել դստերը։

«Ես մեր գործընկեր լրագրողներին խնդրում եմ այս փաստաթուղթը կարդալուց հետո մոտենալ ձեզ և հարցնել, թե ինչ հիմքեր կան երաշխավորություն չտրամադրելու համար, որպեսզի Մանուկյանը կարողանա տեսնել իր 13-ամյա դստերը»,- ասել է պատգամավորը։