Գյուղմթերքների վերամշակման, բնական հյութերի ու պահածոների արտադրության ոլորտում մասնագիտացված «Եվրոթերմ» ընկերությունը ՀՀ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում կառուցում է նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած գյուղմթերքների վերամշակման գործարան:

Ընկերությունը հայ սպառողին հայտնի է «Նոյան», «Մենք», «Ֆիեստա» եւ «Ալպենջուս» ապրանքանիշներով:

2007թ. ընկերության կողմից ձեռք է բերվել մոտ 140 հա հողատարածք` Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղում: Այստեղ արդեն իսկ իրականացվել են հողային մեծածավալ աշխատանքներ, տնկվել է մոտ 10 հազարական ծիրանի եւ դեղձի ծառեր, մոտ 60 հազ. խաղողի վազ, կեռաս, ընկույզ եւ այլն:

Ներկայումս ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է վերոնշյալ տարածքում կազմակերպել գյումթերքների վերամշակման արդի գործարան, որի համար ակնկալում է ՀՀ կառավարության աջակցությունը` անհրաժեշտ սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգման համար: Արտոնության տրամադրման հարցը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության մայիսի 17-ի նիստի օրակարգում:

Ներդրումները կազմում են մոտ 6.8 մլն դոլար, որից մոտ 3.4 մլն դոլարը ուղղված կլինի սարքավորումների ձեռքբերմանը: