Հայտնի գործարար, ՀՀԿ խմբակցության անդամ Տիգրան Արզաքանցյանն ընտրություններից հետո զանգահարել է թիվ 22 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու Մանվել Բադեյանին եւ շնորհավորել հաղթանակի առիթով: Ավելին` նա  նաեւ կոնյակ է ուղարկել Մանվել Բադեյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 22 ընտրատարածքի հաղթող թեկնածու Մանվել Բադեյանը: Հարցին, թե ի՞նչ է բարեմաղթել  Տիգրան Արզաքանցյանը, Մանվել Բադեյանը փոխանցեց. «Լավ ծառայել քյավառի ժողովրդին»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ կոնյակ է Տիգրան Արզաքանցյանն ուղարկել իրեն.« Խանութից չէր առել, իր կողմից արտադրվող կոնյակներից էր, բայց վրան ակցիզ կար»:

Հիշեցնենք, որ ներկայումս 22 ընտրատարածքից ընտրված գործող պատգամավորը ՀՀԿ խմբակցության անդամ, հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանն է, սակայն այս տարի նույն ընտրատարածքում ՀՀԿ-ն մեծամասնականով առաջադրեց Մանվել Բադեյանի թեկնածությունը: