Թբիլիսին պնդում է շարունակել Ադրբեջանի հետ վիճահարույց տարածքում գտնվող Դավիթ Գարեջի մենաստանի ճակատագրի վերաբերյալ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Ինչպես հայտնում է «Գռուզիա օնլայնը», վանքի տարածքի մի մասն առանց զգուշացնելու մի քանի օր առաջ զբաղեցրել են ադրբեջանցի սահմանապահները: Դեպքը վտանգի տակ է դրել ադրբեջանա-վրացական հանձնաժողովի համատեղ հետագա աշխատանքը` սահմանագծման ուղղությամբ:
Ըստ Կալանթաձեի` հանձնաժողովը դեռեւս աշխատում է: Նա ընդունել է, որ Ադրբեջանի սահմանապահների կողմից զբաղեցված մենաստանի տարածքը խորհրդային ժամանակներից վերահսկվում է Ադրբեջանի կողմից, սակայն կոչ է արել շարունակել բանակցությունները: Մայիսի 20-ին Թբիլիսիում տեղի կունենա հանրահավաք հանուն վանքի պաշտպանության:
Ադրբեջանը սահմանային անցակետը տեղակայել է վիճելի տարածքում` Դավիթ Գարեջի մենաստանային համալիրի տարածքում` Թբիլիսիից 60 կմ հարավ-արեւելք: Դա տեղի է ունեցել նախքան սահմանազատման եւ սահմանագծման վրաց-ադրբեջանական միջպետական հանձնաժողովի աշխատանքի ավարտը: Հոգեւորականների խոսքով` ադրբեջանցի սահմանապահները վրացի զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս մուտք գործել համալիրի տարածքի մի հատված: Հոգեւորականները օգնության խնդրանքով դիմել են ԱԳՆ եւ պատրիարքարան: Նրանց տվյալներով` անցակետը տեղակայվել է դեռեւս մայիսի 6-ին:
Հինգ տարի առաջ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առաջարկում էր մենաստանն ամբողջությամբ ընդգրկել Վրաստանի տարածքում, իսկ կողքի ռազմավարական բարձունքը կարող էր պատկանել Ադրբեջանին:




























