«Դարի կողոպուտն» է կատարվել Միլանում, աշխարհահռչակ Buccellati ոսկերչական տնից գողացել են պայուսակ, որում 10 մլն եվրո արժեքով ոսկեղեն է եղել:

Ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները, մայիսի 13-ի երեկոյան Ռոզա Մարիա Բուչելատին տուն էր վերադառնում հնաոճ իրերի ցուցահանդեսից, որ տեղի էր ունենում Միլանի կենտրոնում: Մեքենայի առջեւի նստատեղում նա դրել էր փոքրիկ պայուսակը, որում ընտանեկան ձեռնարկության պատրաստած հարյուրավոր զարդեր են եղել: Երբ նա մոտեցել է տանը, նրա մեքենային է բախվել ինչ-որ կին, ով դուրս է եկել մեքենայից եւ սկսել է ներողություն խնդրել:

Մինչ նա շեղել է Ռոզա Մարիա Բուչելատիի ուշադրությունը, նրա հանցակիցը մեքենայից գողացել է ոսկեղենն ու թաքնվել:

Բուչելատին փորձել է հետապնդել, սակայն ապարդյուն: Նախնական տվյալներով, կողոպուտն իրականացրել են Լատինական Ամերիկայից ներգաղթածները: