Հայաստանի փոխվարչապետ, հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` մայիսի 14-ին, ընդունել է Քուվեյթի Պետության շեյխուհի, Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեի նախագահ Ֆարիհա ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահին: NEWS.am-ին ՏԿՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ փոխվարչապետը ողջունել է հյուրին Հայաստան այցելելու կապակցությամբ` նշելով, որ հայկական կողմը կարեւորում է Քուվեյթի հետ բազմակողմ հարաբերությունների խորացումը: Նրա խոսքով` վերջին տարիներին նկատելի քայլեր են իրականացվում այդ ուղղությումբ`  մասնավորապես հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում:  Երկկողմ համագործակցությունը նաեւ ընդգրկում է հումանիտար ոլորտը, եւ Ա. Գեւորգյանը հույս է հայտնել, որ շեյխուհու այցելությամբ  այս ոլորտում երկու երկրների միջեւ գործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն:

Շեյխուհի ալ Սաբահը ներկայացրեց իր տպավորությունները` տեղեկացնելով, որ այցի շրջանակում եղել է մշակութային օջախներում, ծանոթացել  հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությանը եւ տպավորված է տեսածով: Նա անդրադարձել է նաեւ Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնելու մտադրությանը: «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեն բարեգործական տարբեր ծրագրեր է իրագործում ոչ միայն Քուվեյթում, այլեւ նրա սահմաններից դուրս: Ծրագրերի շահառուները հիմնականում աջակցության կարիք ունեցող կանայք, երեխաները, ծերերն ու հաշմանդամներն են: Շեյխուհին նշեց, որ այցի ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանում այդպիսի ծրագրերի իրականացման հնարավորությունները, եւ հույս հայտնել, որ առաջիկայում արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ: