WTI տեսակի նավթի  գինը միջազգային շուկայում առաջին անգամ վերջին 5 ամսում նվազել է 94 դոլարից 1 բարելի դիմաց, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը: Նավթի գինն ընկնում է արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ:

Այսօր` մայիսի 14-ին, Նյու Յորքի բորսայում «սեւ ոսկու» գինը նվազել է 2.6%-ով: Պատճառը Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության նախարար Ալի ալ-Նաիմիի հայտարարությունն էր այն մասին, որ շուկայում առաջարկը օրական մոտ 1.5 մլն բարելով գերազանցում է պահանջարկին, եւ որ Brent տեսակի նավթի 1 բարելի գինն առաջիկայում 110 դոլարից կիջնի 100 դոլար: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, սպառումը կարող է աճել 2012 թ. երկրորդ կեսից:

Նավթի գների վրա նաեւ բացասաբար են անդրադարձել նորությունները Հունաստանից, որտեղ չի հաջողել ձեւավորել կոալիցիոն կառավարություն, եւ օրակարգում է այդ երկրի դուրս գալը եվրոյի գոտուց:

Բացի այդ` ԱՄՆ-ում նավթի արդյունաբերական պաշարների ցուցանիշները շատ բարձր մակարդակի վրա են:

Bloomberg-ը տեղեկացնում է, որ Սաուդյան Արաբիան վերջին շրջանում կտրուկ ավելացրել է նավթի մատակարարումը համաշխարհային շուկայում: