ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռնուհին` Կարինե Պողոսյանը Կրթության եւ գիտության նախարար չի դառնա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի թիվ 17 ընտրատարածքի հաղթող թեկնածու Կարինե Պողոսյանն` արձագանքելով այն լուրերին, թե ինքը դառնալու է ԿԳ նախարար, իսկ թիվ 17 ընտրատարածքում նոր ընտրություններ են անցկացվելու եւ ԱԺ պատգամավոր է դառնալու Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը:
«Այդպիսի բան չկա. դրանք սուտ հերյուրանքներ են: Անկեղծ եմ ասում, ես իմ գործունեությունը ծավալելու եմ խորհրդարանում: Իսկ, եթե ես խորհրդարան եմ գնում, բնականաբար, հերքվում է նաեւ այն տեղեկությունը, որ թիվ 17 ընտրատարածքում նոր ընտրություններ են անցկացվել եւ ԱԺ պատգամավոր է ընտրվելու Ջոնիկ Աբրահամյանը: Մենք դեռ մանդատներ էլ չենք ստացել, իսկ մինչ այդ ես իմ բնականոն գործունեությունն եմ ծավալում` տնօրեն աշխատելով Արտաշատի թիվ 1 դպրոցում»,- հավաստիացրեց Կարինե Պողոսյանը:
Ավելի վաղ նա արձագանքելով NEWS.am-ի այն հարցի, թե Հովիկ Աբրահամյանի ազգական լինելու հանգամանքն օգնո՞ւմ, թե խանգարում ընտրապայքարում, Կ. Պողոսյանը պատասխանել էր. «Միանշանակ ինձ համար դա պատիվ է: Ինչո՞ւ պետք է խանգարի»:
Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն էին Տիգրան Կարապետյանը (Ժողովրդական կուսակցություն), Մանվել Հայրապետյանը (ՀՅԴ), Գագիկ Ներսիսյանը (ՀԱԿ), Կարինե Պողոսյանը (ՀՀԿ): Հաղթել է Կարինե Պողոսյանը:




























