Իռլանդիայի կառավարության ինքնաթիռը, որի մեջ գտնվել է կազմակերպված հանցավոր խմբավորման ենթադրյալ պարագլուխ Դենիել Կինահանը, Դուբայից մեկնել է Դուբլին, որտեղ 49-ամյա տղամարդուն մեղադրանք կառաջադրվի հանցավոր կազմակերպություն ղեկավարելու համար, հայտնում է BBC News-ը։

Կինահանը ձերբակալվել էր Արաբական Միացյալ Էմիրություններում ապրիլին։ Արտահանձնումը բողոքարկելու մի քանի ամիս տևած ապարդյուն փորձերից հետո նրան վերադարձնում են Իռլանդիա, որտեղ նա պետք է ներկայանա Հատուկ քրեական դատարան՝ երդվյալ ատենակալներ չունեցող, երեք դատավորից կազմված դատարան։

Թռիչքների հետևման տվյալների համաձայն, Կինահանին տեղափոխող ինքնաթիռը Դուբայից մեկնել է տեղական ժամանակով 13:19-ին և պետք է Դուբլին հասնի կիրակի մինչև 19:00։

Նրա ժամանման հետ կապված Իռլանդիայում իրականացվում է անվտանգության լայնածավալ գործողություն՝ զինված ոստիկանների, զինծառայողների և քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իռլանդիայի քրեակատարողական ծառայությունը նաև ձեռք է բերել զրահապատ ավտոմեքենա, որը պաշտպանված է գնդակներից և պայթյուններից, առանձնապես վտանգավոր կալանավորներին տեղափոխելու համար։

Դուբլին ժամանելուց հետո Կինահանին մեղադրանք կառաջադրվի, ինչից հետո ոստիկանությունը նրան կտեղափոխի Հատուկ քրեական դատարան։ Ակնկալվում է, որ քննության ընթացքում նրան կպահեն Լիշ կոմսության Պորտլաուզի խիստ ռեժիմի բանտում, որտեղ նրա պահման համար անվտանգության միջոցառումները լրացուցիչ խստացվել են։

Կինահանը մի քանի ամիս շարունակ փորձում էր հասնել արտահանձնման չեղարկմանը, սակայն նրա բոլոր բողոքները մերժվել են։ Իռլանդիայի և ԱՄԷ-ի միջև գործում է արտահանձնման համաձայնագիր։ Ավելի վաղ դրա շրջանակում Իռլանդիա էր արտահանձնվել Շոն Մաքգովերնը, որին իշխանությունները անվանում են խմբավորման ղեկավարներից մեկը։ Հունիսին նրան դատապարտեցին 24 տարվա ազատազրկման՝ հանցավոր կազմակերպության գործունեությունը ղեկավարելու համար։

Կինահանը իռլանդական և միջազգային իրավապահ մարմիններին հայտնի է որպես նույնանուն հանցավոր խմբավորման առանցքային դեմքերից մեկը։ 2022 թվականի ապրիլին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նրա և նրա ընտանիքի մյուս անդամների նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց՝ նրանց անվանելով «Կինահանի կարտելի» ղեկավարներ։ Ամերիկյան իշխանությունները խմբավորումը նաև ներառել էին աշխարհի ամենավտանգավոր հանցավոր կազմակերպությունների շարքում։

Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) տվյալներով, խմբավորումը ավելի քան 20 տարի զբաղվել է թմրանյութերի և զենքի միջազգային առևտրով և առնչվում է հանցավոր միջավայրում ավելի քան մեկ տասնյակ սպանությունների։ Իռլանդիայի ոստիկանության նախկին ղեկավար Դրյու Հարիսը խմբավորման հանցավոր գործունեությունից ստացվող եկամուտները գնահատել էր ավելի քան 1 միլիարդ եվրո։

Ամերիկյան իշխանություններն այն համեմատում էին իտալական «Կամորայի», մեքսիկական «Լոս Սետասի» և ճապոնական յակուձայի հետ։ ԱՄՆ-ն նաև մինչև 5 մլն դոլարի պարգևավճար էր հայտարարել խմբավորման երեք ամենաբարձրաստիճան անդամների՝ Դենիել Կինահանի, նրա հոր՝ Քրիստոֆեր Կինահան ավագի, և եղբոր՝ Քրիստոֆեր Կինահան կրտսերի մասին տեղեկության համար։

Կինահանը լքել էր Իռլանդիան իր ընտանիքի հետ կապված հանցավոր խմբավորումների միջև երկարատև պատերազմի սկսվելուց հետո։ Հակամարտության հետևանքով 18 մարդ է զոհվել։

Ինքը՝ Կինահանը, նույնպես դարձել էր մարդասպանների թիրախ և 2016 թվականին վերապրել էր մահափորձը Դուբլինի Regency հյուրանոցում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, որտեղ անցկացվում էր բռնցքամարտի հետ կապված միջոցառում։ Դրանից հետո նա ապրել է Իսպանիայում, ապա տեղափոխվել Դուբայ։

Միևնույն ժամանակ, Կինահանի փաստաբանը ավելի վաղ BBC-ին ասել էր, որ իր պաշտպանյալը դատվածություններ չունի, իսկ այն մեղադրանքները, թե նա հանցավոր խմբավորման պարագլուխն է, կեղծ են և ապացուցողական հիմք չունեն։