Վիեննայում ավարտվել է Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջեւ բանակցությունների առաջին օրը: Առաջին փուլը տեւել է շուրջ 5 ժամ, որից հետո պատվիրակությունը ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նաքերթսի գլխավորությամբ դուրս է եկել Վիեննայում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունից: Բանակցությունների մասնակիցները հրաժարվել են լրագրողների մոտ մեկնաբանել հանդիպման արդյունքները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Բանակցությունները կշարունակվեն վաղը` մայիսի 15-ին:
Այսօր, նախքան բանակցությունները, Նաքերթսը հայտարարել է, որ Թեհրանը պետք է ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ տա մուտք գործել օբյեկտներ, ձեռք բերել տեղեկատվություն, որոնք առնչություն ունեն Իրանի միջուկային ծրագրին:
Նա նշել է, որ առաջնահերթ խնդիրը մնում է միջուկային ծրագրում հնարավոր ռազմական բաղկացուցչի հայտնաբերումը:




























